Նախագծային ուսուցման ստուգատեսի օրերին իրականացրինք <<Իմ ժամանակակիցը>>: Ամենահետաքրքիրը այն է, որ մայիսյան 13 հավաքի օրերին վարպետության  դասը վարեց մեր ժամանակակիցը` Հրաչյա Սարիբեկյանը: Ես կարդացել էի Հավերժական շարժիչ պատվածքը:
Հետաքրքրությամբ կարդացի պատմվածքը: Նախ ասեմ՝ ինձ համար անծանոթ հեղինակ էր: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, ժամանակակից հայ գրողներին շատ վատ գիտեմ: Բայց չհիասթափվեցի. պատմվածքը մտածելու տեղիք է տալիս:
Այն մի ընտանիքի մասին է, որտեղ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը զբաղված է իր գործով, բոլորն ունեն շատ պարզ ու հասարակ կենցաղավարություն։ Հերոսը երիտասարդ մի պատանի է, ով պատմում է իր ընտանիքի պատմությունը։ Անկեղծ է պատմում, զգացվում է սեր և հոգատարություն հոր, ընդհանրապես ընտանիքի նկատմամբ: Հայրը ուզում է ստեղծել հավերժական շարժիչ, մայրը ֆիզիկայի ուսուցիչ է և տեսականորնե մերժում է այդ գաղափարը, պապը կարծում է, որ հնարավոր է հավերժական շարժիչ ստեղծել, որովհետև Պրահայում տեսել էր ինքն իրեն լիցքավորվող հսկա ժամացույց։ Իսկ պատանին ժամերով հրում է հեծանիվի ոտնակները, որպեսզի իրենց տան լամպը վառվի։ Դարձյալ հոր գաղափարն էր՝ ստանալ էներգիա անշարժ հեծանիվի միջոցով։ Եվ այդ անընդհատ աշխատանքի մեջ տղան իր մտապատկերում տեսնում է Պրահայի մեծ ժամացույցը։ Իսկ երբ դադարում է հրել ոտնակները, տունը կորչում է մթության մեջ․ հեղինակը մթության պատկերով ներկայացնում է նոր մահը։ Բայց կյանքը շարունակվում է, նորից հեծանիվի ոտնակները դրվում են շարժման մեջ, և տան լամպը սկսում է վառվել ու լուսավորել տունը։ Որոշ ժամանակ անց պապը թոռներին հայտնում է, որ իրենց հայրը երկրորդ կին է բերելու տուն։ Քույր ու եղբայր որոշում են հեռանալ տնից։ Եվ հեռանում են այն նույն հեծանիվով, որը իրենց տանը անշարժ էր, բայց անիվը փոխելով դարձնում է շարժվող։ Տարիներ անց պապը գալիս է թոռների մոտ և հայտնում, որ իրենց հայրը ունեցել է զավակ։ Հեռանալիս պապը վերցնում է նրանց տան հեռախոսի համարը, բայց երբեք չի զանգում։ Որոշ ժամանակ անց զանգում է հոր կինը և երեխաներին կանչում տուն։ Պարզվում է, որ հայրը վերցրել է պարանը ու գնացել, որ  կախվի։ Քույրը կարծում է, որ հայրը մոր, իրենց մոր գերեզմանին գնացած կլինի։ Բոլորը գնում են գերեզմանոց և սկսում փնտրել։ Այստեղ պատմվածքի հերոսը նկատում է փոքր տղային, ով այնքան նման էր իր հորը։ Փոքրիկ տղան դառնում է շատ հարազատ մի մարդ նրա համար․ չէ՞ որ նրանք եղբայներ են։ Տուն վերադառնալուց հետո, երբ բացում են դուռը, պարզվում է, որ պարանի մի ծայրը կապված էր բռնակին, իսկ մյուս ծայրը այն աթոռին, որը փախչում է հոր ոտքերի տակից։ Հայրը ինքնասպանություն էր կատարել։ Նրա դին ճոճվում էր տան առաստաղից։ Հատկանշական է, որ հոր կինը վստահ էր, որ չի կարողանա կախվել, որովհետև վախկոտ է, և պատմել էր, որ ատամը հանելու դեպքում էլ նա խնդրում էր կնոջը, որ ինքը քաշի դուռը, որին կապված էր պարանը։ Իսկ պապը մեղադրում էր իրեն որդու մահվան մեջ, որովհետև ինքը դուռը պետք է սարքեր այնպես, որ դուռը բացվեր դեպի ներս, ոչ թե դեպի դուրս։ Հոր թաղումից հետո նրա կինը հեռանում է տնից՝ իր հետ տանելով որդուն, իսկ պատմվածքի հերոսը չի ուզում հեռանալ իր եղբորից և անգամ մտածում է, որ փոքրիկ եղբայրը ոչ մի կապ չունի հոր կնոջ հետ։ Պատմվածքը ավարտվում է գրեթե նույն կերպ, ինչպես սկսվել էր։ Տղան նորից շարժման մեջ է դնում հեծանիվի ոտնակները, և նրա աչքի առաջ երևում է նրա հոր գունատ դեմքը։ Ինչքան շատ է պտտում ոտնակները, այնքան պայծառանում է հոր դեմքը, և թվում է, թե նա ժպտում է որդուն, անգամ աչքով անում։ Բայց հնարավոր չէ անընդհատ մեծ թափով պպտել ոտնակները, և տղայի ուժերը սկսում են լքել նրան։ Բայց պարզ է, որ  որոշ ժամանակ անց ուժերը կվերականգնվեն, և նորից մեծ թափով կպտվեն հեծանիվի ոտնակները։
Իմ կարծիքով, սա կյանքի հավերժական պտույտն է՝ իր վերելքներով ու անկումներով, սերունդների հաջորդականությամբ։ Հենց կյանքն էլ հավերժական շարժիչն է մարդու ծնունդից մինչև մահ:

Հավերժական շարժիչը

Реклама